Գեղարքունիքի ՇՊԱԿ-ի միջոցառումները` ուղղված հանրային կապերին և բարեփոխումներին
Ազգաբնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը գործուն միջոց է կոռուպցիայի դեմ պայքարի գործում, քանզի այն նպաստում է կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը: Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը հետևողական է հանրային իրազեկման հետ կապված միջոցառումների իրականացմանը:
Ակտիվ համագործակցելով ԶԼՄ-ների հետ` ՇՊԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են “Քյավառ” հեռուստաընկերության կողմից կազմակերպվող հաղորդումներին, ուղիղ եթերներին, լուսաբանվում է ՇՊԱԿ-ի գործունեությունը, տեղադրվում են հայտարարություններ մարզային հեռուստաընկերություններով: Մարզային թերթում պարբերաբար լույս են տեսնում կենտրոնի գործունեությունը լուսաբանող հոդվածներ:
Մարզում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմների մշակման և հակակոռուպցիոն գործունեության բնագավառում փորձի փոխանակման նպատակով մարզի 11 առավել ակտիվ գործող հասարակական կազմակերպությունների հետ ՇՊԱԿ-ը անցկացրել է չորս կլոր սեղան քննարկում: Հանդիպումների արյունքում ձևավորվել է դիտորդական խումբ` մարզային պետական կառույցների հետ հանդիպումներ անցկացնելու, համակարգային և ընթացակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Դիտորդական խմբի աշխատանքի առաջին փորձը մարզի ՔԿԱԳ գրասենյակներում կայացած հանդիպումներն էին, որոնց արդյունքում ՇՊԱԿ-ի կողմից իրականացվեց ընթացակարգային բարեփոխում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ տեղեկատվության ապահովում այն գրասենյակներում, որտեղ դրանք առկա չէին:
Տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկումների անցկացման շրջանակում կազմակերպվել են հանդիպումներ գյուղական համայնքների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում գյուղապետերը ստացել են իրենց հուզող խնդիրների իրավաբանական մեկնաբանությունը, պատրաստակամություն հայտնել ՇՊԱԿ-ի հետ հետագա համագործակցության և ՇՊԱԿ-ի մասին հանրությանը իրազեկելու վերաբերյալ:
ՇՊԱԿ-ը կազմակերպել է տարածքային հարկային ծառայության պետի և տարածաշրջանի շուրջ 50 գործարարների երկխոսություն հարկային վարչարարության վերաբերյալ:
Մեկ տարվա ընթացքում անցկացվել է շուրջ 25 սեմինար մարզի գյուղական և քաղաքային տարբեր համայնքների դպրոցներում, համագործակից կազմակերպությունների ու անհատների կողմից ձևավորված համայնքային խմբերում: Սեմինարների ժամանակ մասնակիցներին տրամադրվել է կոռուպցիային ու իրավական տարբեր գործընթացներին առնչվող նյութերի փաթեթ, տրամադրվել է նաև իրավաբանական խորհրդատվություն` մասնակիցների կոնկրետ գործերով: Հետագա գործունեության համար կենտրոնը նախատեսում է ակտիվ գործողություններ այս ոլորտում: